1 Samuel 27
1 Եվ Դավիթն իր սրտում ասաց. «Վերջապես մի օր ես կորչելու եմ Սավուղի ձեռքով. ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց ավելի լավը չկա։ Սավուղը հույսը կկտրի ինձանից և այլևս ինձ չի որոնի Իսրայելի բոլոր սահմաններում, և այդպես կազատվեմ նրա ձեռքից»։
2 Եվ Դավիթը վեր կացավ և իր հետ եղած վեց հարյուր մարդկանց հետ անցավ գնաց Գեթի թագավոր, Մաովքի որդի Անքուսի մոտ։
3 Եվ ինքը Դավիթն ու իր մարդիկ՝ ամեն մեկն իր ընտանիքով, և Դավիթն էլ իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի ու կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ բնակվեց Գեթում՝ Անքուսի մոտ։
4 Երբ Սավուղին հաղորդեցին, որ Դավիթը փախել է Գեթ, այլևս չորոնեց նրան։
5 Դավիթն Անքուսին ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, թող ինձ գյուղաքաղաքներից մեկում տեղ տան, որ մնամ այնտեղ, թե չէ ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագավորանիստ քաղաքում»։
6 Եվ այդ օրը Անքուսը նրան տվեց Սիկելակը, այդ պատճառով էլ Սիկելակը մինչև օրս Հուդայի թագավորներինը եղավ։
7 Ժամանակը, երբ Դավիթը փղշտացիների երկրում բնակվեց, մեկ տարի և չորս ամիս էր։
8 Դավիթն ու իր մարդիկ վեր կացան և հարձակվեցին գեսուրացիների, գազերացիների և ամաղեկացիների վրա, քանի որ նրանք վաղուց ի վեր բնակվում էին այդ երկրում՝ Սուրից մինչև Եգիպտոսի երկիրը։
9 Եվ Դավիթը հարվածեց այդ երկրին, ողջ չթողեց տղամարդ թե կին, վերցրեց ոչխարներ և արջառներ, էշեր և ուղտեր, հանդերձներ ու վերադարձավ Անքուսի մոտ։
10 Անքուսն ասաց. «Դեպի ո՞ւր եք հարձակվել այսօր»։ Դավիթը պատասխանեց. «Դեպի Հուդայի հարավային կողմը, հերամելացիների հարավային կողմը և կենեցիների հարավային կողմը»։
11 Դավիթը ողջ չթողեց տղամարդ կամ կին, որ լուր բերեր Գեթ, որովհետև մտածեց, թե՝ «Միգուցե մեր մասին պատմեն և ասեն, թե Դավիթն այսպես է անում։ Եվ թե նրա սովորությունն այսպես է լինելու, քանի դեռ բնակվում է փղշտացիների երկրում»։
12 Անքուսը, Դավթին հավատալով, ասաց. «Այս մարդը իր ժողովրդի՝ Իսրայելի մեջ ատելի է դարձրել իրեն. թող ինձ մոտ հավիտյան ծառա լինի»։